Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ազգային ժողովում ընթացող քննարկումներին հնչեցին շատ պրոֆեսիոնալ հիմնավորումներ, և քաղաքական ուժերի կողմից ներկայացված որոշ առաջարկներին ընթացք տրվեց: Լրագրողների հետ սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «Հանրապետական կուսակցությունն արեց հնարավոր ամեն ինչ մեծ քաղաքական կոնսոլիդացիա ապահովելու համար: Մենք ի սկզբանե խուսափել ենք բոլոր տեսակի շահարկումներից և չունենք որևէ թաքնված նպատակ. սահմանադրական փոփոխությունների առաջարկը համապատասխանում է հանրության և ընդդիմության պահանջներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ընդդիմությունն ավելի ճկուն գործելաոճ կարող է ունենալ:

 

Նա նկատեց, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո ձևավորվում է նոր քաղաքական համակարգ, որը ենթադրելու է բոլոր կուսակցությունների հավաքական պատասխանատվության բարձրացում պետության համար բախտորոշ հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս: «Յուրաքանչյուր բարեփոխում, անշուշտ, իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր, քանի որ մի համակարգից անցումը մեկ այլ համակարգի միշտ էլ ցավոտ է, սակայն մենք պետք է կարողանանք նոր քաղաքական մշակույթ ձևավորել' խուսափելով քաղաքական ուժերի առճկատումներից»,- շեշտեց Աճեմյանը:

 

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով,և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

 

Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Սերժ Սարգսյանը արդեն հանդիպել է մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների և Հանրային խորհրդի անդամների հետ:

 

Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ից մեկնարել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները: