Անհրաժեշտ է «միջազգային նոր ջանքեր գործադրել» Սիրիայի և Լիբիայի իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրամիության՝ Բրյուսելում ավարտված արտահերթ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:

 

«Անհրաժեշտ է միջազգային նոր ջանքեր գործադրել Սիրիայի իրադրությունը կարգավորելու համար, որը միգրացիայի աղբյուր հանդիսացող հիմնական երկրներից մեկն է, և Լիբիայի, որը հանգուցային տարանցիկ կետ է դարձել Հյուսիսային և Հասարակածային Աֆրիկայից փախստականների համար, որոնք ուղևորվում են Եվրամիություն»,- նշվում է փաստաթղթում:

 

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի հովանու ներքո գործադրել նոր միջազգային ջանքեր, որպեսզի վերջ դրվի Սիրիայում շարունակվող պատերազմին, ինչն այդքան շատ տառապանքներ է բերել և հարկադրել, ըստ որոշ գնահատումների՝ 12 մլն մարդու լքելու իրենց տները»,- ասված է ամփոփիչ հայտարարության մեջ:

 

Դրա հետ մեկտեղ փաստաթղթում չի խոսվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի մասին: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Փարիզը շարունակում է պնդել Ասադի հեռացումը քաղաքական ասպարեզից:

 

Ինչ վերաբերում է Լիբիային, ապա ԵՄ-ի երկրները պայմանավորվել են «բոլոր ջանքերը գործադրել այնտեղ շուտափույթ ազգային միասնության կառավարություն ձևավորելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: