ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների' սեպտեմբերի 27-ի հայտարարությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա: «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտարարություն է, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական իշխանություններն են հանդիսանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին լարվածության միակ հրահրողը: Ադրբեջանը պետք է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեխանիզմներ մշակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, և միգուցե այստեղ կներգրավեն նաև հայկական երկու հանրապետությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

Նա նկատեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար-ֆաշիստական պետության: «Ներքին և արտաքին ագրեսիայի դրսևորումը նմանատիպ ֆաշիստական պետությունների հիվանդություններից է: Երկրի ներսում ադրբեջանական իշխանությունները համատարած խախտում են մարդու իրավունքները, հետապնդում են ընդդիմության գործիչներին, աշխատանքից ազատում են դիվանագետներին' հետագայում հետապնդելու նպատակով: Ադրբեջանին ձեռնտու է սահմանային իրավիճակի սրումը' թեժ ներքաղաքական վիճակից և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ժողովրդական զանգվածներին երկրում կուտակված խնդիրներից շեղելու, ինչպես նաև արտաքին թշնամու կերպարը զարգացնելով' լրացուցիչ ձայներ հավաքելու համար»,- շեշտեց Բաբայանը:

 

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Ադրբեջանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռակոծման փաստը արդյոք կարելի է համարել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների սկզբնավորման ազդակ, Դավիթ Բաբայանն ասաց հետևյալը. «Նույնիսկ կատարյալ ագրեսորները միշտ թաքցնում են իրենց նպատակները: Ադրբեջանին ձեռնտու է վարել այսպիսի հեռահար պատերազմ, չնայած որ մեր զինված ուժերն արժանի հակահարված են տալիս Ադրբեջանին' մեծ կորուստներ պատճառելով նրանց»:

 

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուն (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը' Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության' ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»:

 

Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել' ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին: