CNN ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարուհին եթերում շփոթել է Վլադիմիր Պուտինին և Բորիս Ելցինին: Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մի շարք երկրների ղեկավարների ելույթների հեռարձակման ժամանակ:
47-ամյա հեռուստահաղորդավարուհի Էշլի Բենֆիլդը եթերում մեկնաբանել է ՌԴ նախագահի ելույթի ավարտը և հայտարարել. «Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն ավարտում է իր ելույթը...»: Քիչ անց Բենֆիլդը հասկացել է իր սխալը և փորձել շտկել իրավիճակը՝ ասելով. «Օհ, կներեք: Ես արձագանքում են 20 տարվա վաղեմության իրադարձություններին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտում է իր ելույթը ՄԱԿ-ում»:
Սակայն այդ սխալն աննկատ չի մնացել: Ռեպորտաժի տեսանյութը հայտնվել է YouTube-ում: Կայքի օգտատերերը նշել են, որ նման սխալներն անթույլատրելի են հայտնի հեռուստաալիքի եթերում, իսկ լրագրողին հանդիմանել են պրոֆեսիոնալիզմի բացակայության համար: