«Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը պատրաստվում է ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Ինտեր ՌԱՕ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվները: Ինչպես տեղեկացրին «Տաշիր գրուպ» ընկերության մամուլի ծառայությունից, այս առնչությամբ ընկերությունները պայմանագիր են ստորագրել:

 

 

«Գործարքն արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից և ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո: Կողմերը նաև պայմանավորվածության են հասել առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն կշարունակեն ողջ ծավալով կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները»,- ասված է «Տաշիր գրուպի» տարածած հաղորդագրության մեջ:

 

 

««Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը ամբողջությամբ ընդունում է իր պարտավորվածությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարելու հարցում»,- հայտարարել է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով' ընկերությունը նպատակ ունի օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ուժեղացնել դրա ֆինանսատնտեսական գործունեությունը, արդիականացնել բաշխիչ ցանցերի սարքավորումները: «Հայաստանի բնակչությանն օժանադակելու նպատակով որոշում է ընդունվել սեփական միջոցներից' ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ-ի օգոստոսի 1-ից տեղի ունեցած սակագնի բարձրացման տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»,- նշել է Սամվել Կարապետյանը:

 

 

«Ինտեր ՌԱՈ» ընկերության ղեկավար խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկի խոսքով էլ' Հայաստանում էլեկտրական ցանցերը տնօրինելու տարիների ընթացքում իրենց ընկերությունը կատարել է ներդրումներ, փորձել է կրճատել ծախքերը, ինչի արդյունքում բարելավվել են արտադրական ակտիվների ձևավորած արդյունքները: «Մենք պայմանավորվել ենք «Տաշիր» ընկերության հետ այս գործարքը կատարել' հաշվի առնելով ակտիվների արդարացի արժեքը: Հենց նման մոտեցումն է հնարավորություն տվել կողմերին հասնելու առավելագույն տնտեսական արդյունքի»,- ասել է Կովալչուկը: