Միջազգային հանրությունը լավ գիտի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը և հրաժարվում սահմանների շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե անցած օրերի հանդիպումներից հետո որոնք են Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու հեռանկարները' ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դրանք միշտ էլ նույնն են, որովհետև այլ տարբերակ չկա: «Պետք է բանակցային գործընթացը շարունակվի, որովհետև այլընտրանք չկա: Դա է գլխավոր եզրակացությունը, և դա է միշտ եղել»,- նշել է Նալբանդյանը:
Նա հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որով նրանք կոչ են արել համաձայնության գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու հարցում: «Դա նոր գաղափար չէ, մի քանի տարի է, այդ հարցը քննարկվում է, և Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այդպիսի մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանն է միշտ մերժում: Այս անգամ ավելի հստակ կոչ էր կողմերին, որպեսզի համաձայնեն: Հայաստանը հաստատեց իր պատրաստակամությունը; Այո, մենք պատրաստ ենք քննարկել այդ մեխանիզմի ստեղծումը, իսկ Ադրբեջանը նորից մերժեց»,- ընդգծել է Էդնարդ Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով' եթե Ադրբեջանը մերժում է այդ մեխանիզմի ստեղծումը, ուրեմն իր վրա է վերցնում այդ միջադեպերի և հրադադարի խախտման ամբողջ պատասխանատվությունը: Ըստ Նալբանդյանի' այսօր որևէ մեկի մոտ կասկած չկա, թե ով է խախտում հրադադարը: «Նախկինում չեզոք հայտարարություններով հանդես եկող միջնորդները, այսօր, երբ Ադրբեջանը անցնում է բոլոր կարմիր գծերը, ստիպված են կոչն ուղղել մի կողմին: Այս տարվա հունվարին հասցեագրված և պարզ հայտարարություն արվեց, որով կոչ արվեց Ադրբեջանին' չքննադատել եռանախագահներին, միջնորդներին, այլ շարունակել բանակցային գործընթացը: Կոչ արվեց վերջ դնել հրադադարի խախտման քայլերին: Ուղղակի հասցեագրված կոչ էր: Իհարկե, հարցը նրանում չէ, որ պետք է այդպիսի կոչ ամեն օր անել: Միջազգային հանրությունն այժմ լավ գիտի, թե ով է խախտողը և լավ գիտի, թե ով է հրաժարվում մեխանիզմներ ստեղծել, որոնք կարող են նաև լինել կանխարգելիչ»,- շեշտել է ԱԳ նախարարը:
Ընդգծելով բանակցությունները շարունակելու կարևորությունը' Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այժմ քննարկվում են եռանախագահների կողմից տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները: Նախագահների մակարդակով մինչև տարեվերջ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին հարցին Նալբանդյանը պատասխանել է, որ պաշտոնական Երևանը միշտ էլ կողմ է եղել այդ հանդիպումներին: «Այդպիսի հանդիպումներ, իհարկե, պետք է նախապատրաստվեն: Թե այդ, թե այլ կարգի հանդիպումներին չեն նպաստում թե' հրադադարի խախտումները, թե' լարվածության բարձրացումը, ինչի պատճառն Ադրբեջանն է»,- փաստել է ՀՀ ԱԳ նախարարը: