Յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին եւ հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում լարվածությունն ու այդ կերպ պատասխանում հայտարարությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում լրագրողներիի հետ զրույցում' անդրադառնալով դեկտեմբերի 4-ի գիշերը Ադրբեջանի կողմից դիվերսիայի հերթական փորձին, որի հետմղման ժամանակ հերոսաբար զոհվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող:

 

«Եռանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ադրբեջանը թուլացնում է լարվածությունը սահմանին, եւ երբ հայտարարությունն ընդունվում է՝ անմիջապես հետեւում է լարվածության աճ: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, լարվածությունից, խաղաղ ճանապարհով կարգավորել հարաբերությունները, եւ Ադրբեջանն այդպես է պատասխանում այդ հայտարարությանը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, ինչպեսեւ կոչ են անում եռանախագահները, միջազգային հանրությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: