ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ հոկտեմբերի 1-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վա րչությունից:

 

Ընդունելությանը ներկա էին Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության, գյուղատնտեսության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Իր ողջույնի խոսքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը խոսեց վերջին ժամանակաշրջանում Հայաստանի ձեռքբերումների և հայ-եգիպտական հարաբերությունների ներկա փուլի մասին։ Դեսպան Մելքոնյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին' բացահայտելով Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու դատապարտելով նրա կողմից հրադադարի ռեժիմի շարունակական կոպիտ խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծումները։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդի մասին' դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը և հոգատար վերաբերմունքը, որ եգիպտացիները ցուցաբերել են Ցեղասպանության արհավիրքը վերապրած և Նեղոսի ափերին ապաստանած հայերի նկատմամբ: