Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների վերջին օրը խաղարկվեցին մի ակտիվ գործողությունների սցենարներ: Զորավարժության մասնակիցերը խաղարկեցին ահաբեկիչների կողմից զավթած շենքի ազատագրման, ահաբեկ չական կետի ոչնչացման և դժգոհ բնակչության անհնազանդությունը կանխելու սցենարները: Զորավարժություններին ներգրավված էին ռազմական ուղղաթիռներ, զրահատեխնիկա, ոստիկանական ուժեր:
Զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, ՀՀ ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ զորավարժությունների մասնակիցների առջև դրված հիմնական խնդիրները կատարվել են:
«Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ խաղաղապահ ստորաբաժանումների զորավարժություններ Հայաստանի տարածքում առաջին անգամ էին անցկացվում:Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ բացի ՀԱՊԿ անդամ պետություններից այս զորավարժություններին մասնակցում էին նաև Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են խաղաղապահ գործունեության համար: Հատկապես զորավարժությունների վերջին ակտիվ գործողությունների ընթացքում մենք տեսանք, որ ստորաբաժանումները շատ կենտրոնացած և գրագետ էին գործում: Հարկ եմ համարում նշել, որ այս վերջին օրերին նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել և դրա արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունը, համագործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների միջև»,- ասաց Օհանյանը:
Նա ընդգծեց, որ զորավարժությունների ընթացքում տարբեր երկրների խաղաղապահ ստորաբաժանումների միջև ամրապնդվել է նաև մարտական ընկերությունը՝ նշելով, որ իզուր չէ, որ զորավարժությունները կրում են «Անխախտելի եղբայրություն» խորագիրը: «Այո, եղբայրությունն անխախտելի է մեր պետությունների միջև; Եվ հրամանատարները, և զինվորները և տարբեր գործողությունների մասնակից զինվորները միմյանց շատ լավ հասկանում են, ունենց մեծ բարոյական և ֆիզիկական պատրաստվածություն: Ամենակարևորը այն է, որ մենք վստահություն ունենք, որ անհրաժեշտության դեպքում մեր խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել իրենց առաջադրանքը, եթե ՀԱՊԿ-ն որևէ վայրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու որոշում կայացնի: Դուջք գիտեք, որ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահել մեր երկրի սահմանները և ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, այլ նպաստել այլ վայրերում խաղաղության հաստատմանը»,- եզրափակեց նախարարը՝ հավելելով, որ դրական է գնահատում զորավարժությունները և դրանք իրենց հիմնական նպատակին հասել են:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ նշեց, որ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ անդամ երկրների պետությունները ցանկանում են ստեղծել արդյունավետ ուժային համակարգ՝ պլանավորելով և իրականացնելով միջոցառումներ, որոնք կնպաստեն հավաքական անվտանգության ուժերի մարտական պատրաստության բարձրացմանը: «Ես նույնպես համաձայն եմ Սեյրան Օհանյանի հետ, որ զորավարժությունները հաջող ընթացք են ունեցել: Մեզ համար միշտ կարևոր է նման զորավարժությունների անցկացումը, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությ անը, որը ջանք չի խնայել այս զորավարժությունների արդյունավետ ու հաջող ընթացքն ապահովելու համար»,- եզրափակեց Բորդյուժան:
Զորավարժությունների ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևատրվեցին զորավարժությունների մասնակից բազմաթիվ զինծառայողներ: Այնուհետև մասնակից շուրջ 600 զինծառայողները հանդիսավոր քայլերթով ազդարարեցին զորավարժությունների ավարտը:
«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը: