Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 4-ին հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում տեղ են զբաղեցրել վեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Դրանք են՝ նախագահամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հավաքել է ձայների 27,44 տոկոսը, «Հանրապետություն- Հայրենիք» միավորումը՝ 20,07 տոկոս, «Ղրղզստան» կուսակցությունը՝ 12,87 տոկոս, «Առաջընթացը»՝ 9,3 տոկոս, ինչպես նաեւ «Միասնությունը», որի օգտին քվեարկել է ընտրողների 8,5 տոկոսը եւ «Հայրեինքը», որը հավաքել է ձայների 7,75 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Բոլոր այս կուսակցությունները հաղթահարել են 7 տոկոսի շեմը, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքում առնվազն 0,7 տոկոս ձայն են հավաքել հանրապետության յոթ մարզերից յուրաքանչյուրում, Բիշքեք եւ Օշ քաղաքներում»,- ընդգծել են ԿԸՀ-ում: Քանի որ կուսակցություններից ոչ մեկը տեղերի կեսից ավելին չի ստացել հաջորդ գումարման խորհրդարանում, նրանք հարկադրված կլինեն միավորվել կոալիցիայում, որը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու եւ կազմել կառավարություն:

 

Ղրղզստանի խորհրդարանի 120 տեղին հավակնում էր 14 քաղաքական կուսակցություն: Ղրղզստանի ժամանակակից պատմության մեջ երկրորդ անգամ ընտրություններն անցկացվել են ըստ կուսակցական ցուցակների: Առաջին անգամ քվեարկության օրը երկրում եւ նրա սահմաններից դուրս բոլոր ընտրական տեղամասերը հանդերձված էին քաղաքացիների կենսաչափական տվյալների հաշվման սարքավորումով եւ էլեկտրոնային ընտրատուփերով:

 

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 56,4 տոկոս, Ղրղզստանի ԿԸՀ-ն խոստանում է ընտրությունների պաշտոնական արդյունքները հաղորդել առաջիկա օրերին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: