Ազգային ժողովի հերթական նիստն առանց միջադեպերի չանցավ: ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. դրամավարկային քաղաքականության հաշվետվության քննարկման ժամանակ, երբ ելույթ էր ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սկսեց աղմկել:
Պատգամավորն ինչ-որ թղթեր ձեռքին հասել էր նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ և փորձում էր ինչ-որ բան պարզել: Այդ ընթացքում երկու անգամ ընդհատվեց Հայկ Բաբուխանյանի խոսքը: «Տիկին, Դուք ինձ խանգարում եք»,- ասաց Բաբուխանյանը՝ հորդորելով պատգամավորին դադարեցնել աղմուկը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս Փոստանջյանին հորդորեց նիստը չխանգարել: «Մի ստիպեք ինձ օրենքով շարժվել»,- ասաց ԱԺ նախագահը: Սակայն Զարուհի Փոստանջյանի վրա ԱԺ նախագահի և Հայկ Բաբուխանյանի հորդորները որևէ ազդեցություն չունեցան. նա շարունակում էր աղմկել: «Հիմա ես չգիտեմ՝ անվտանգությանը կանչեմ, թե շտապ օգնությանը»,- կատակեց Գալուստ Սահակյանը, որից հետո Զարուհի Փոստանջյանը, կարծես, հանդարտվեց և գնաց իր տեղը զբաղեցնելու: