Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրի Ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար է նշանակվել արդարադատության փոխնախարար, Քրեակատարողական ծառայության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով հոկտեմբերի 18-ին երկրի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին անակնկալ կերպով պաշտոնանկ անելուց անմիջապես հետո հիշյալ նախարարությունում Անվտանգության պետական ծառայության և Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից համատեղ անցկացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են ԱԱՆ մոնիտորինգային կենտրոնի (հեռախոսների լսման վարչություն) աշխատակիցներ, մասնավորապես, Նաթավան Մամեդովան և գեներալ-մայոր Թեյմուր Գուլիևը, ինչպես նաև Հակաահաբեկչական կենտրոնի պետի տեղակալ Իլգար Ալիևը: Էլդար Մահմուդովը ներկայումս գտնվում է իր տանը, փաստորեն, տնային կալանքի մեջ:

 

Անդրադառնալով Էլդար Մահմուդովի աշխատանքից հեռացվելու պատճառին՝ մասնավորապես moderator.az կայքը գրել էր, որ գլխավորապես դա կապված է այն բանի հետ, որ ձերբակալված աշխատակիցները Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ լսել են Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև իշխանության բարձրաստիճան անձանց և նրանց ընտանիքների հեռախոսային խոսակցությունները, ինչը, սովորաբար արվում է երկրում «հեղաշրջում» իրականացնելուց առաջ:

 

«Ուղիղ 10 տարի առաջ' 2005 թվականի հենց հոկտեմբերի 17-ին Իլհամ Ալիևն աշխատանքից հեռացրեց երկու հզոր նախարարների' Ալի Ինսանովին և Ֆարհադ Ալիևին, և «պետական հեղաշրջման փորձի» մեղադրանքով կալանքի ենթարկեց նրանց: Այն ժամանակ այդ գործողությունը գլխավորել էր ԱԱՆ ղեկավար Էլդար Մահմուդովը, և հետաքրքիր է, որ այդ իրադարձությունից 10 տարի անց Ալիևը նույն կերպ է վարվում Մահմուդովի հետ»,- նշել էր կայքը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաև երկրի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները և այլն:

 

«Ազադլըգ» թերթն էլ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են և ներիշխանական խմբավորումների միջև պայքարը հասել է գագաթակետին»: