Հոկտեմբերի 19-ին տրվեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) համատեղ մշակված ուսումնական ծրագրի մեկնարկը, որի շրջանակում համալսարանի «Բանկային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի 57 ուսանողներ կմասնակցեն վարպետության դասընթացների «Հայբիզնեսբանկում»:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, ով արդյունավետ համագործակցության համար իր շնորհակալությունը հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին և «Բանկային գործի և ապահովագրության» ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանին:

 

Միաժամանակ Մ. Ստեփանյանը նշեց, որ «Հայբիզնեսբանկը», ողջունելով ՀՊՏՀ նախաձեռնությունը, սիրով ընդառաջել է ծրագրի կազմակերպման ու իրականացման գործընթացին և մշակվել է հատուկ ծրագիր ուսանողների համար, որպեսզի նրանք կարողանան ավելի հստակ պատկերացնել բանկային գործը:

 

Ապագա կադրերի համար վարպետության դասերն անցկացվելու են «Հայբիզնեսբանկի» լավագույն մասնագետների կողմից, ովքեր հանդիսանում են Բանկի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

Ելույթով հանդես եկավ նաև տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասլանյանը, ով վստահեցրեց, որ դասընթացների ընթացքում ուսանողները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ, ինչպես նաև կծանոթանան գործատուի պահանջներին, քանի որ հետագայում նրանք համալրելու են բանկային համակարգի աշխատակիցների շարքերը:

 

Ծրագրով նախատեսված թեմաների շրջանակում առաջին հանդիպման ընթացքում «Հայբիզնեսբանկի» աշխատակիցները դասընթացավարի կարգավիճակում ուսանողներին ներկայացրեցին Բանկի կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները, ՀՀ բանկային համակարգի կարգավորման իրավական ասպեկտները և ներքին վերահսկողության ընթացակարգերը:

 

Վարպետության դասերը կավարտվեն այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջում, իսկ մասնակից ուսանողներին կտրվեն մասնակցության հավաստագրեր: