«Հայբիզնեսբանկի» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համատեղ ջանքերով իրականացված ուսումնական ծրագիրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին…

 

«Հայբիզնեսբանկի» հմուտ աշխատակիցները Տնտեսագիտական համալսարանի «Բանկային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի մոտ 60 ուսանողներիի համար ավելի քան 1 ամիս տևողությամբ անցկացրել են վարպետության դասեր բանկային գործին առանչվող տարբեր թեմաներով՝ վարկավորման առաձնահատկություններ, բանկային ռիսկերի կառավարում, օրենսդրական կարգավորում, կորպորատիվ կառավարում, հաշվապահական հաշվառում, ներքին վերահսկողության ընթացակարգեր, բանկային մարքեթինգ, վաճառքների տեխնոլոգիաներ և այլն:

 

Ուսանողների համար հատուկ մշակված ծրագրով անցկացված վարպետության դասերին հաջողությամբ մասնակցելու կապակցությամբ «Հայբիզնեսբանկի» Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ուսանողներին հանդիսավոր կերպով հանձնեցին հավաստագրեր, իսկ Արսեն Միքայելյանը բոլորին անձամբ նվիրեց «Ճատրակ» շախմատի մասին գիրքը, որի տպագրման աշխատանքներին աջակցել է նաև «Հայբիզնեսբանկը»:

 

Շնորհավորելով ուսանողներին՝ Բանկի և համալսարանի ղեկավարները վստահեցրին, որ նախաձեռնությունն իր դրական ազդեցությունը կունենա ուսանողներից յուրաքանչյուրի մասնագիտական ուղին զարգացնելու գործընթացում:

 

Գործընկերները միմյանց շնորհակալություն հայտնեցին կրթության և զբաղվածության ոլորտում առաջադեմ ծրագրեր նախաձեռնելու և արդյունավետ համագործակցության համար:

 

Միջոցառմանը ներկա էին նաև «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը, Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, Ուսումնական կենտրոնի տնօրեն Արսեն Հովասափյանը և ՀՊՏՀ Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը: