ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում այս տարվա մայիսին հարցում է իրականացրել տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում կազմակերպելու նպատակով:
«Արդյունքում ստացել ենք շուրջ 400 դրական արձագանք, որի մեծ մասը ցանկություն է ունեցել սովորել ադրբեջաներեն և թուրքերեն: Հաստատությունները տեղեկատվություն են տրամադրել նաև մասնագետի առկայության կամ բացակայության մասին»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից»:
Նախարարությունից հայտնում են, որ բազմաթիվ գրություններ և զանգեր են ստանում համապատասխան մասնագետներից, որոնք դասավանդման ցանկություն են հայտնում: Վերջիններին տրամադրվում է այն հաստատությունների ցանկը, որոնք ցանկություն են հայտնել ուսուցանել տարածաշրջանային լեզուներ:
«Այս ուսումնական տարվա սեպտեմբերի 9-ի դրությամբ տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը մեկնարկել է Հայաստանի 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 7-ում՝ պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն»:
ԿԳՄՍ նախարարությունը տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը մշակելիս համագործակցել է համապատասխան մասնագետների և Երևանի պետական համալսարանի հետ:
«Ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպվելու է բացառապես ավագ դասարաններում՝ 10-12-րդ դասարանների սովորողների համար: Վրացերենի և պարսկերենի ուսուցումը կազմակերպվում է կրտսեր և միջին դասարաններից»:
Ինչ վերաբերում է դասագրքերին, ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ ծրագիրը ներկայում փորձարկվում է, և արդյունքների հիման վրա կմեկնարկի դասագրքերի ստեղծման գործընթացը:
Մեզ հետ զրույցում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսեց թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցման արդյունավետության մասին, նշելով, որ նման քայլը ողջունելի է.
«Ես կարծում եմ, որ որևէ բան չպետք է խանգարի, որպեսզի մեր երեխաները իրենց ընտրությամբ որոշեն ադրբեջաներեն կամ թուրքերեն անցնեն, հատկապես թշնամու լեզուն պետք է իմանալ: Կարծում եմ՝ դպրոցներին պետք է տրվեր այդ հնարավորությունը»:
Անդրադառնալով այն հարցին, թե պետք է համատարած Հայաստանի բոլոր դպրոցները պարտադիր անցնեն այս լեզուները, Բախշյանը կարծիք հայտնեց, որ ներկայումս դրա պահանջը չկա.
«Եթե պարտադիր դարձնեն, շատուշատ խնդիրներ կլինեն՝ դասավանդողներ, այդ առարկայի, լեզվի գիտակներ, նաև մանկավարժներ: Շատ խնդիրներ կառաջանան, դրա համար այն դպրոցները, որոնք կգտնեն այդ մանկավարժներին, իրենք պետք է որոշեն՝ անցնել պարտադիր այդ առարկաները, թե ոչ»:
Բախշյանը այնուամենայնիվ այն կարծիքին է, որ հանրակրթական դպրոցներում երբևէ պարտադիր չի դառնա թուրքերենի և ադրբեջաներենի դասավանդումը:
«Եթե դպրոցը ունենա համապատասխան մասնագետ և որոշի անցնել, ապա ողջունելի կլինի»,-եզրափակեց նա:
Լուսինե Ալեքսանյան