Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ պատրաստ է քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունների հարցն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտեֆաքսին» հայտնել է ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:
«Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաեւ անցկացնել ազատ խորհրդարանական ընտրություններ բոլոր այն քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց նպատակը Սիրիայի բարգավաճումն է»,- ասել է Յուշենկոն:
Բացի այդ, պատգամավորի խոսքով, Ասադը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները' զուգահեռներ անցկացնելով այն ամենի հետ, ինչ ներկայումս կատարվում է Սիրիայում:
«Չնայած երկրները տարբեր են, սակայն տեղի ունեցողի ճարտարապետը նույնն է: Ուկրաինայի ազգայնականներն ու «Իսլամական պետության» ահաբեկիչները մեկ կենտրոնից են կառավարվում»,- մեջբերել է Յուշենկոն Ասադի խոսքերը:
Հանդիպման ընթացքում Ասադը հրավիրել է ռուսաստանյան ընկերություններին մասնակցել Սիրիայի արդյունաբերական ու տնտեսական ներուժի վերականգնմանը, մասնավորապես' նավթի արդյունահանման եւ ազատված տարածքներում բնակավայրերի վերականգնման առումով: