Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ստորագրել է 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր:

 

Նախագահի հրամանագրում ասված է.

 

«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները' որոշում եմ.

 

1. 2015 թվականի նոյեմբեր - 2016 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:

 

3. 2015 թվականի նոյեմբեր - 2016 թվականի հունվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

 

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը' սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

 

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: