ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ վերակազմակերպելու և ՀՀ Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ ՀՀ Նախագահը որոշել է.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետությ ան կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:
2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր: