ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին գումարված հանձնաժողովի հերթական նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության ժամանակ ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցերը:

 

 

«Հանրաքվեի մասին» օրենքի համապատասխան կանոնակարգերի համաձայն' Ազգային ժողովի խմբակցություններին քարոզչության համար Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամանակ է տրամադրվելու ժամը 18:00-ից' որոշման երկրորդ հավելվածում առկա ժամանակացույցին համապատասխան, իսկ Հանրային ռադիոյով' օրը երկու անգամ' ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից հետո. տեխնիկական հարցերի հետ կապված վերը նշված ժամանակացույցը կարող է փոփոխվել ոչ ավել, քան երեսուն րոպե:

 

 

Հանրային հեռուստատեսությունը Ազգային ժողովի խմբակցություններին քարոզչության համար տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի. ընդ որում, նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ' օրը երկու րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 1-ին և 2-ին երկու րոպե անվճար և հինգ րոպե վճարովի հիմունքներով, իսկ դեկտեմբերի 3-4-ը' երեք րոպե անվճար և հինգ րոպե վճարովի հիմունքներով:

 

 

Իր հերթին Հանրային ռադիոն ԱԺ խմբակցություններին քարոզչության համար տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի, ընդ որում' նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ' օրը երկու անգամ' երկուական րոպե անվճար և մինչև երեքական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 1-ին և 2-ին օրական երկու անգամ երկուական րոպե անվճար, իսկ դեկտեմբերի 1-3-ը օրական երկու անգամ մինչև չորս րոպե վճարովի հիմունքներով , իսկ դեկտեմբերի 3-4-ը օրական երկու անգամ' երեքական րոպե անվճար և դեկտեմբերի 4-ին օրը երկու անգամ մինչև երեքական րոպե վճարովի հիմունքներով:

 

 

Այնուհետև' ԿԸՀ անդամները վիճակահանության կարգով որոշեցին ԱԺ խմբակցություններին քարոզչության նպատակով նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում եթերաժամանակի տրամադրման հերթականությունը (օրինակ' նոյեմբերի 6-ին առաջինը' «ՀԱԿ» խմբակցությունն է, երկրորդը' «ՀՅԴ» խմբակցությունը, երրորդը' «Օրինաց երկիր» խմբակցությունը, չորրորդը' «Հանրապետական» խմբակցությունը, հինգերորդը' «Ժառանգություն» խմբակցությունը և վեցերորդը' «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը):