Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի մարմիններով հատուկ չվերթը նոյեմբերի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 04:16-ին վայրէջք է կատարել Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

Ինչպես լրագրողներին հայտնել են օպերատիվ շտաբում, օդանավում զոհվածների մարմնամասերն են եւ նրանց անձնական իրերը:

 

Զոհվածների մարմիններով ԱԻՆ-ի առաջին ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան՝ իր հետ բերելով զոհվածների 130 մարմիններ եւ 40-ից ավելի մարմնամասեր:

 

Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները, որոնցում գործի են դրված Ռուսաստանի ԱԻՆ-ի 100-ից ավելի մասնագետներ: Նրանք հայտնաբերել են զոհվածների մարմիններ, անձնական իրեր եւ 118 անձնագիր:

 

«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել:

 

Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: