Ինֆորմացին տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու «Յուքոմ» ընկերությունը հայտարարում են «Ական փնտրող ռոբոտ» ու «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների մեկնարկը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցու նշեց, որ մրցույթն ուղղված է Հայաստանի ռազմական անվտանգության ոլորտում հայ մասնագետների կողմից ստեղծվող տեխնոլոգիական լուծումների կիրառումը խթանմանը:
Վարդանյանի խոսքով՝ այս մրցույթներն ամենաբարդն են, և իրենք որոշել են «Յուքոմի» հետ դրանք հնարավորինս կիրառական դարձնել:
«Այն երիտասարդները, ովքեր մրցույթին կմասնակցեն, հետագայում հնարավորություն կունենան իրենց գիտելիքները կիրառել Հայաստանի անվտանգության խնդիրները լուծելու բնագավառում»,- նշեց նա:
Վարդանյանը նշեց, որ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին ներկայացվող ռոբոտներն ւիրենց առջև դրված հանձնարարություն կկատարեն ոչ թե հողի վրա, այլ արհեստական խոտածածկի, որի տակ էլ թաքցված կլինեն ականներ. «Քարտեզն առցանց կուղարկվի ժյուրիին, որպեսզի դրա անդամները գնահատեն, թե ինչքանով է տվյալ ռոբոտը հայտնաբերել ականները»:
Ինչ վերաբերում մյուս՝ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթին, ապա բանախոսը նշեց, որ այն պետք է վերցնի ուսումնական նռնակը, և մոտավորապես մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գցի նախապես գծված, վերևից դիտարկվող խրամատի վրա:
Անհրաժեշտ սարքավորումների և մրցույթի մրցանակային ֆոնդի համար կազմակերպիչների կողմից հատկացվել է 15 միլիոն դրամ:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ մասնակիցներին կտրամադրվեն անօդաչու սարքի իրանը, շարժիչները, և նրանց հիմնական գործը կլինի ծրագրավորման աշխատանքն ու մեխանիկական գործիքը:
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նկատեց, որ մրցույթը նոր միտումներ կնախանշի ռոբոտաշինության ասպարեզում և ընդհանրապես ՏՏ ոլորտում:
«Կարծում եմ՝ սա այն ոլորտն է, որը պետք է մշտապես աջակցել, որպեսզի մեր երկրում տեխնոլոգիական միտքն առաջ գնա: Ռոբոտաշինությունը մեր երկրին անհրաժեշտ է, նույն ռազմական ոլորտում դա շատ կիրառելի է: Այդ սկզբունքից ելնելով էլ իրականացվում են այս մրցույթները»,- ասաց Հայկ Եսայանն ու հավելեց, որ իրենց ընկերությունը մշտապես լինելու է նմանատիպ հայեցակարգերի աջակից, որպեսզի էլ ավելի հզոր ու կայուն ոլորտ ունենանք:
Մրցույթները կանցկացվեն երեք փուլով՝ գրանցման փուլ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Գրանցման փուլը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Այս փուլում ներկայացված գաղափարների հեղինակները հնարավորություն կստանան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ և բարելավել իրենց նախագծերը' ստանալով սարքերը պատրաստելու դետալները: Մրցույթում առաջին երեք տեղերը զբաղեցնողները կստանան, համապատասխանաբար, 600, 400 և 300-հազարական դրամ:
Մրցույթի գրանցման հայտն ու տեխնիկական առաջադրանքները մանրամասն ներկայացված ենarmrobotics.am կայքում: