Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանն անօդաչու թռչող սարքեր է արտահանելու Դանիա։ Razm.info-ի փոխանցմամբ՝ պարոն Վարդանյանը մանրամասնել է, որ 2013-ի հունիսին Հայաստանում «Արմռոբոտիքս» առաջնության շրջանակներում իրենց միությունը երկրում առաջին անգամ ԱԹՍ-ների մրցույթ է անցկացրել։
Մրցույթին ներկայացվել են անօդաչու սարքեր, որոնք ունակ են հետազոտել տվյալ տարածքը, կանխորոշել տարբերիչ նշանները, առցանց ռեժիմով փոխանցել պատկերները, նետել ավելի քան 300 գ կշռող բեռներ, վերադառնալ մեկնարկի կետ։ Դրանց մի մասի թռիքչն ու վայրէջքը կարող է իրականացվել ինչպես ինքնակառավարման, այնպես էլ հեռակառավարման օգնությամբ։ Կարեն Վարդանյանն ընդգծել է, որ Դանիայի հետ նախնական պայմանավորվածությամբ ամսական արտադրվելու է 10 միավոր ԱԹՍ։
Ծրագրվում է, որ Դանիան դրանք կկիրառի գյուղատնտեսական հետազոտությունների և ցանքատարածությունների օդային նկարահանման համար։ «Դա Հայաստանի համար մեծ քայլ է, ինչը թույլ կտա դուրս գալ անօդաչուների միջազգային շուկա՝ դառնալով անդրանիկ քայլն այս ուղղության զարգացման նպատակով արտերկրյա գործընկերներ փնտրելու ճանապարհին»,_վստահեցրել է միության գործադիր տնօրենը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արտադվող ԱԹՍ-ները կարող են օգտագործվել պաշտպանական նպատակներով ևս, օրինակ՝ ավտոճանապարհների համայնապատկերային տեսանկարահանման համար։
Պարոն Վարդանյանի խոսքերով՝ ուղղության զարգացման համար իրենց միությունը վերապատրաստում է դպրոցականներին ռոբոտային տեխնիկայի բնագավառում։ Արդեն իսկ գործում է թվով 55 խմբակ, որտեղ նորարարական տեխնոլոգիաների գծով վերապատրաստում են անցնում ոչ միայն ավագ դպրոցի, այլև 5-10-րդ դասարանների աշակերտները։ Հիշեցնենք, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000-ին՝ այս ուղղության կազմակերպությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտում հետազոտություններին աջակցելու նպատակով։
Ներկա դրությամբ միության կազմում կան տասնյակ ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։