Ան-12 փոխադրական ինքնաթիռի կործանման հետաքննությունը համապափակ է լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել է Հարավային Սուդանի տեղեկատվության նախարար Մաքլ Մաքուե Լուսը:
«Հետաքննությունը լինելու է համապարփակ»,- հայտարարել է նա՝ պատասխանելով միջադեպի հետաքննությամբ շահագրգիռ կողմերի՝ Ուկրաինայի, ՌԴ-ի և Հայաստանի մասնակցության հնարավորության վերաբերյալ հարցին: Նախարարի խոսքով՝ ինքնաթիռի կործանման ստույգ պատճառը կարող է պարզվել հետաքննության ավարտից հետո, սակայն չի բացառել օդանավի հնարավոր գերբեռնումը:
«Միջադեպը հետաքննվելու է: Ես վստահ չեմ, բայց հնարավոր է, որ ինքնաթիռը գերբեռնված է եղել, որովհետև այն թռիչքից անմիջապես հետո ընկել է օդանավակայանից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Տեղի ունեցածը պարզ կլինի միայն հետաքննությունից հետո»,-ասել է նա:
Ան-12 փոխադրական ինքնաթիռը նոյեմբերի 4-ի առավոտյան աղետի է ենթարկվել Հարավային Սուդանում: Նախնական տվյալներով՝ այն վերթիռ կատարելիս ընկել է թռիչքավայրէջքային գոտուց 800 մետր հեռավորության վրա: Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Ան-12-ում եղած 18 մարդուց փրկվել են երեքը՝ բոլորն էլ՝ Հարավային Սուդանի քաղաքացիներ: Օդանավի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի վեց անդամները՝ Հայաստանի հինգ քաղաքացիներ և մեկ ռուսաստանցի: Զոհվածներ կան նաև գետնի վրա: Ըստ վերջին տվյալների՝ փրկարարներն ավիաաղետի վայրում հայտնաբերել են 36 զոհվածների մարմիններ: