Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում նոյեմբերի 9-ի դրությամբ բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երեքը' վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես MediaMAll.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Մյուս հիվանդների առողջական վիճակը կայունացել է, առկա է դրական տեղաշարժ: Տուժածներից մեկն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ: Նրան այսօր կվիրահատեն:
Շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացած մյուս տուժածներն առողջացումով դուրս են գրվել:
Վթարից տուժած մեկ քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում: Եվս երկու հիվանդ նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:
Նոյեմբերի 9-ի տվյալներով, ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 2 քաղաքացի: