Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել են Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ, հանդիպել վթարից տուժածներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածների առողջական վիճակը տեղում գնահատելու նպատակով Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում: Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը: Տուժածներն ապահովվել են անհրաժեշտ դեղերով: Նախնական պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները: