Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան պատասխանել է նոյեմբերի 4-ին Զաքաթալա կատարած այցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե մինչ այժմ Ադրբեջանին ոչ ոք չի օգնել, եւ ժողովրդի համար ամեն ինչ արել է իշխանությունը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ԱՄՆ-ի Եվրոպայում գտնվող ռազմական վարչության միջոցով Բարդայի շրջանի Ենի Դաշքենդ, Ալխասլը եւ Արդուշլու գյուղերում խմելու ջրի համակարգերի վերականգնման համար երեք ծրագրերի նոյեմբերի 5-ին հիմնարկեքի արարողության ժամանակ, որին մասնակցել են նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ 1992 թվականից մինչ այժմ ԱՄՆ-ը ադրբեջանական ժողովրդին 1,5 մլրդ դոլարից ավելի օգնությ ուն է ցուցաբերել:

 

 

«1992 թվականից այս կողմ ԱՄՆ-ն Ադրբեջանին տարբեր ծրագրերի միջոցով 1,5 մլրդ դոլարից ավելի ֆինանսական օգնություն է ցուցաբերել: ԱՄՆ-ի մի շարք կազմակերպություններ հարկադիր վերաբնակների համար ծրագրերին 115 մլն դոլար է հատկացրել: Իսկ այս գյուղերը ջրով ապահովելու նախագիծը ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի բանակային ճարտարագետների կորպուսի օգնությամբ պետք է իրականացնի ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը», -ասել է Ռոբերտ Սեկուտան:

 

 

Դեսպանի խոսքով' 2003 թվականից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հարկադիր վերաբնակների համար 17 մարդասիրական օգնության, դպրոցների շինարարության եւ բնակչությանը ջրով ապահովման ծրագրերի համար 4 մլն դոլար է հատկացրել:

 

 

«Ազադլըգ» թերթը Ռոբերտ Սեկուտայի այդ հայտարարությունները բնութագրել է որպես պատասխան Ադրբեջանի նախագահին: