«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատրաստվում է մինչև 2015թ. ավարտը 8 մլրդ 587,8 մլն դրամի ներդրում կատարել բաշխիչ ցանցում: Ներդրումային ծրագիրը հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում:

 

ՀԷՑ-ի ծրագրային և ներդրումային դեպարտամենտի ներայացուցիչ Արմեն Գևորգյանը ներկայացրեց ընկերության ներդրումային ծրագիրը՝ նշելով, որ ընկերությունն աշխատանքներ է տանելու 5 հիմնական ուղղությամբ: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ 587,8 մլն դրամ, որի 42 տոկոսն ուղղվելու է սպասարկման որակի բարելավմանը, իսկ 58 տոկոսը՝ նոր սպառողների ավելացմանը»,- ասաց Գևորգյանը:

 

Նիստին հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձեցին պարզել՝ ներդրումների այդ ծավալն ի՞նչ ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա, Արմեն Գևորգյանն էլ հայտնեց, որ եթե մինչև տարեվերջ ներդրումներն ամբողջությամբ կատարվեն, դա սակագնի վրա կունենա 0.3 դրամի հավելյալ ազդեցություն, սակայն ընկերությունը կփորձի կոմպենսացնել այդ գումարը:

 

ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանն էլ հայտնեց, որ ՀԷՑ-ին հանձնարարվել է մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը հանձնաժողովին ներկայացնել 2016-2018 թթ. ներդրումային ծրագիրը:

 

Ծրագրի քննարկումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Եվգենի Բիբինը նշեց, որ թեև մինչև տարվա վերջ մնացել է 6 ամիս, սակայն ընկերությունը կփորձի իրականացնել ներդրումային ծրագիրն ամբողջությամբ: