Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

 

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իրենց հանդիպումները թե Երևանում, թե Մոսկվայում, և թե տարբեր միջազգային հարթակներում կանոնավոր բնույթ են կրում: Նախարար Նալբանդյանը կարևորեց Սերգեյ Լավրովի այցը Երևան, որը լավ հնարավորություն է ընձեռում՝ քննարկելու երկու երկրների Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

 

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը, նշեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված դաշնակցային հարաբերությունները, փոխգործակցությունը միջազգային հարթակներում և շահագրգիռ է տարբեր ոլորտներում շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական փոխհարաբերությունների քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար բնագավառներում համագործակցության շուրջ:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցությունը, ԱԳՆ-ների միջև անցկացվող պարբերական խորհրդատվությունների օրակարգը: Ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սերգեյ Լավրովին Հարավային Սուդանում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի մարմինների՝ Հայրենիք տեղափոխման գործում ռուսական կողմի ցուցաբերած օժանդակության համար:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությանը, միջռեգիոնալ համագործակցությանը:

 

Մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ: Հատուկ անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում նախարարները համակարծիք էին, որ ղարաբաղյան կարգավորման քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս բերելու փորձերը վնասում են կարգավորման գործընթացին։

 

Բանակցությունների օրակարգում էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

 

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: