Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան հայրենադարձվեց ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանը: Այս մասին պարզ է դառնում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրությունից:

 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո նոյեմբերի 12-ին Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը 2015թ. նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում: Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին' ժամը12:00-ի սահմաններում, Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ուհետ չի վերադարձել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լուսինե Աբովյան նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում: