Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, նոյեմբերի 17-ին կրկին փակվել Է զբոսաշրջիկների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է աշտարակի շահագործման ընկերության մամուլի քարտուղար Ալիս Բենարդոն:
«Այո, ես ձեզ կարող եմ ասել, որ աշտարակը կրկին փակվել Է այցելուների համար»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Աշտարակի շահագործման ընկերության հայտարարության համաձայն՝ հուշարձանի փակումը պայմանավորված Է նրանով, որ, չնայած իրավապահ մարմինների կողմից անվտանգության ապահովման արդեն ձեռնարկված միջոցներին, ինչպես նաեւ բուն ընկերության կողմից ձեռնարկվող միջոցներին, այցելուների ընդունման ընթացակարգի վերանայումը դեռեւս շարունակվում Է:
«Տնօրենությունը Փարիզի իշխանությունների եւ ոստիկանության աջակցությամբ բոլոր ջանքերը գործադրում Է նվազագույնի հասցնելու աշտարակի փակման ժամանակը»,-ասված Է հաղորդագրության մեջ,
Ինչպես արդեն հաղորդվել Է, Էյֆելյան աշտարակն այցելուների համար վերաբացվել էր նոյեմբերի 16-ին: Այն բացելու որոշումն ընդունվել էր անվտանգության միջոցառումների ամբողջական վերանայումից հետո:
Վիճակագրության տվյալների համաձայն՝ ամեն օր Էյֆելյան աշտարակ է այցելում 15-20 հազար մարդ: Այն փակվել էր Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: