Փարիզում մայիսի 22-ին Էյֆելյան աշտարակն այցելուների համար փակվել է՝ երկրի առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսարժան վայրերից մեկի մոտ գործող գրպանահատների աճող թվի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
«Գրպանահատները կազմում են 4 – 5-ական մարդուց բաղկացած ավազակախմբեր: Երբեմն դրանց մեջ կարող է մտնել մինչև 30 մարդ»,- գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է բողոքավորներից մեկը:
Գործակալության տվյալներով՝ աշխատողների հիմնական պահանջը «ղեկավարությունից պաշտոնական երաշխիքներ ստանալն է, որ կձեռնարկվեն երկարաժամկետ և արդյունավետ միջոցներ, որպեսզի վերջ դրվի այդ աղետին, ամեն օր որի զոհեր են դառնում վիթխարի թվով զբոսաշրջիկներ»:
2013 թվականի ապրիլին այս նույն պատճառով փակվել էր մոլորակի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը՝ Փարիզի Լուվրը: Գործադուլին մասնակցել են թանգարանի շուրջ 200 աշխատակիցներ, որոնք ապահովում են այցելուների անվտանգությունը և ընդունումը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ գրպանահատներն իսկական աղետ են դարձել Լուվրի համար. դրանց թիվն ավելի ու ավելի է մեծանում, և նրանք իրենց ավելի ու ավելի ագրեսիվ են պահում, ընդ որում, չարագործների գործողություններից տուժում են ոչ միայն թանգարանի այցելուները, այլև աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: