Պատգամավոր, «Ոչ»-ի դիրքերից հանդես եկող Լևոն Զուրաբյանը նկատում է, որ ամեն օր «ոչ»-ի կողմնակիցներն աճում են։ «Այստեղ երկու ֆենոմեն կա՝ և՛ «ոչ»-ի կողմնակիցներն են աճում՝ քանակը նկատի ունեմ, և՛ իրենց մեջ այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ են գնալ և ակտիվորեն քվեարկել դեմ»,- վստահաբար պնդում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը, թե իշխանություններն իրենց նվազագույն անցողիկ «այո»-ների քանակը, ի հաշիվ պետական սեկտորի աշխատողների, կարծես թե, ունեն, Զուրաբյանը զարմացավ․ «Ո՞վ է ասում, դա ի՞նչ հաշվարկ է, հենց պետական ապարատի 90 տոկոսը գնալու է «ոչ» ասի»։

 

 

Պատգամավորի կարծիքով` հենց պետական ապարատում գտնվում է այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր շատ լավ գիտեն, որ պետական կառավարման արդյունավետությունն էականորեն պակասելու է, և միայն այն պատճառով, որ դա պետք է Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը պահելու համար։

 

 

«Մասսայաբար մոտենում են մեր վստահված անձնանց՝ կաշառելու փորձով»,- ասում է ՀԱԿ պատգամավորը։

 

 

«Այո»-ի կողմնակից, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Հրաչյա Բասմաջյանն էլ կարծում է, որ մարզային այցելությունները ցույց են տվել, որ ժողովրդի մոտ առկա է իրազեկվածության պակաս, սակայն պետք է փաստել, որ նախագծի ընձեռած հնարավորությունները ներկայացնելիս ներկաների ճնշող մեծամասնության մոտ գերիշխում է դրական քվեարկելու տրամադրվածությունը:

 

 

Նրա համոզմամբ՝ հենց Սահմանադրական բարեփոխումներն ու դրանում ամրագրված կետերն են, որ իրական հնարավորություններ են ստեղծում լուծելու այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև:

 



«Մենք կողմ ենք այս համակարգին, որովհետև սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել կիսապատերազմական մեր երկրում, եթե նախագահը որոշումներ կայացնելիս չունենա խորհրդարանական մեծամասնության հավանությունը:

 

 

Առաջին անգամ Սահմանադրությամբ ընդդիմությունը ստանում է քաղաքական ծանրակշիռ ազդեցության հնարավորություն, երբ կարևորագույն որոշումների ժամանակ անհրաժեշտ է խորհրդարանի 3/5-ի դրական եզրակացությունը»,- ասաց Բասմաջյանը հավելելով՝ «Մեր երկրին բարեփոխումներն անհրաժեշտ են»: