Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հնարավոր նոր Սահմանադրության ընդունման նպատակը Սահմանադրությունն իշխող քաղաքական ուժին, այդ ուժի ղեկավարին հարմարեցնելը չէ:

Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանի՝ հնարավոր Չորրորդ Հանրապետության ստեղծման վերաբերյալ քննարկումների մասին հարցին:

«Ես Չորրորդ Հանրապետություն ասելով ի՞նչ ի նկատի ունեմ. ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, և բոլորը, նույնիսկ նրանք, որոնք դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ իրենց կառավարման օրոք Հայաստանում ոչ մի մակադրակում ոչ մի ընտրակեղծիք չի եղել և չի կարող լինել:

«Եթե անկեղծ ասեմ՝ կառավարությունը, կառավարող քաղաքական ուժը չունի սեղանին դնելու փաթեթ, որ ասի սա է առաջարկում: Եվ դա վատ չէ, ընդհակառակը՝ լավ է, նախ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե դա ինչի մասին է, ինչի համար է»,-նշեց նա՝ կարևորելով, որ խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձևավորվի, որ դա կարևոր է, պետք է անել, հետո նոր անցնել կոնկրետ բովանդակությանը:

Վարչապետը հավելեց՝ ավանդույթ կա, երբ սահմանադրությունները հարմարեցրել են կամ գործող կառավարությանը, կամ գործող կառավարության ղեկավարին: «Մեր մտադրություններն այդպիսին չեն և չեն կարող լինել, քանի որ դրա անհրաժեշտությունն ուղղակի չկա»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Ավելի ուշ հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինքը նոր Սահմանադրություն առաջարկո՞ւմ է նոր՝ Չորրորդ հանրապետության համար՝ վարչապետը պատասխանել էր, որ դա գաղափարներից մեկն է: