Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել: Այս մասին հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Մետրոն փակ է լինելու առնվազն մինչև կիրակի:

 

 

Բրյուսելի շրջանի կառավարության փոխնախագահ Ռուդի Վերվորտը հայտարարել է հասարակական շենքերում բոլոր տեսակի գործունեության դադարեցման, շուկաների և կոմերցիոն կենտրոնների փակման մասին:

 

 

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բելգիան ունի ահաբեկչական հարձակման մասին տեղեկատվություն, նման' Փարիզի դեպքերին, դրա համար էլ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Բրյուսելում հասել է առավելագույնի: Նրա խոսքով' սպառնալիքի մակարդակը բարձրացել է այն բանից հետո, երբ Փարիզի դեպքերին հավասար ահաբեկչության սպառնալիքի մասին տեղեկատվություն է ստացվել: «Խոսքը գնում էր մի քանի վայրերում ահաբեկչության սպառնալիքի մասին, այն պետք է իրականացներ մի քանի մարդուց բաղկացած խումբը»,- ասել է վարչապետը' Անվտանգության խորհրդի նիստից հետո:

 

 

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դադարեցվել է մետրոյի գործունեությունը ահաբեկչական վտանգի բարձր հավանականության պատճառով: Բացի այդ' Բրյուսելի իշխանությունները հորդորել են բնակչությանը խուսափել մարդկային մեծ կուտակումներից: Չնայած այդ ամենին' ավտոբուսները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: