Ինքնաշեն ռումբի բեկորեներ են հայտնաբերվել Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Յասուկունի տաճարային համակառույցի հարավային դարպասների մոտ: Գտնվել են պայթանյութի հետքեր և մարտկոցիկների մնացորդներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

 

Պայթյունը տեղի է ունեցել համակառույցի մուտքի դարպասների մոտի հասարակական զուգարանում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, բայց շենքի պատերը կրակից խիստ վնասվել են: Էպիկենտրոնին շատ մոտ հայտնաբերվել է ևս մեկ կասկածելի առարկա, դրանով զբաղվում է սակրավորների հատուկ խումբը:

 

Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչական գործողությունը, նշում է գործակալությունը: Դրա պատճառը և նպատակներն առայժմ պարզված չեն:

 

Յասուկունի տաճարը կառուցվել է 1869 թվականին: Այն կատարում է սինտո կրոնի ծիսական արարողությունների կենտրոնի գործառույթներ: Տաճարի գերագույն աստվածությունը Ճապոնիայի կայսրն է, իսկ ծխականների թվում կան բազմաթիվ պաշտոնատարներ, այդ թվում՝ երկրի վարչապետը:

 

Ճապոնիայում հանգստյան օր է, Յասուկունիի տարածքում տեղի է ունենում տաճարային փառատոն: Այդ կապակցությամբ էլ առավոտից դրա տարածքում ավելի շատ մարդ կար, քան սովորաբար: