ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է աթլետիկայի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում աթլետիկայի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների ու աթլետիկական վազքուղու բացակայության խնդիրը մասին: Սվեին Առնե Հանսենը հայտնել է, որ իր գլխավորած ֆեդերացիան, հաշվի առնելով, որ ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ վայելում է միջազգային օլիմպիական հանրության անվերապահ վստահությունը, պատրաստ է համատեղ ջանքերով լրացնել այդ բացը: ՀԱՕԿ նախագահն իր հերթին հայտնել է, որ պատրաստ է ներդրումներ կատարել, որպեսզի ծրագիրն իրականություն դառնա:

 

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի անձնական մեծ ներդրումը հայկական սպորտի զարգացման բնագավառում և քաջատեղյակ է այն ահռելի աշխատանքի մասին, որը վերջին 10-ը տարիների ընթացքում իրականացրել է ՀԱՕԿ նախագահը:

 

 

Երևանը եվրոպական միակ քաղաքն է, որը չունի աթլետիկական վազքուղի: «Մենք այսօր հանդիպել ենք ձեր երիտասարդ մարզիկների հետ, վստահաբար կարող եմ ասել, որ նրանք շատ մեծ պոտենցիալ ունեն: Աթլետիկական վազքուղու առկայությունը խիստ կարևոր է: Պարոն Ծառուկյան, հաշվի առնելով այն մեծ հարգանքն ու վստահությունը, որը դուք ունեք միջազգային օլիմպիական ընտանիքում, մենք ցանկություն ունենք ձեզ հետ միասին ներդրումներ կատարել ընդհանուր այս գործի համար: Բացի այդ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ԵՕԿ-ի առանցքային դերակատարներից է և այդ մասին բազմիցս հայտարարել է նաև Պատրիկ Հիկեն: Ուստի մենք վստահ ենք, որ ձեր աջակցության շնորհիվ մեզ կհաջողվի այս ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչել»,-ասել է նա:

 

 

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ իր կողմից պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ սպորտի զարգացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնություն կյանքի կոչելու համար: Հայրենական սպորտի ղեկավարը ներդրումներ կատարելու պատրաստակամություն է հայտնել: «Մենք շատ ուրախ ենք, որ նրանք եկել են մեր երկիր, զարգացնելու աթլետիկան: Հայաստանի օլիմպիական կոմիտեն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերելու: Մեր գործունեությունը սպորտի զարգացումն է, պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր երիտասարդները կարողանան մարզվել: Հարգելով նրանց այս քայլը՝ մենք պարտավոր ենք աջակցելու և միասնական այդ գաղափարը կյանքի կոչել»,-ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

 

Հանդիպման ավարտին Սվեին Առնե Հանսենին, ի նշան երախտագիտության, Գագիկ Ծառուկյանին Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից հատուկ հուշանվեր է հանձնել: ՀԱՕԿ նախագահը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ նախաձեռնությունը մինչև վերջ կյանքի կոչելու համար:

 

 

Սվեին Առնե Հանսենն ու Քրիստիան Միլցը Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել են Դավիթաշենում կառուցված օլիմպական ավանով: Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը հայտնել է, որ 50 տարի սպորտի ոլորտում է և իր գործունեության ընթացքում երբևէ նման կառույց չի տեսել:

 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին