Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում Սու-24-ի կործանումից հետո չի կարելի բացառել այլ միջադեպեր, և այդ դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի հակազդել դրանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, նոյեմբերի 25-ին Նիժնի Տագիլում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ, մենք չենք կարող բացառել այլ միջադեպեր, և, եթե դրանք տեղի ունենան, մենք այսպես թե այնպես կհակազդենք դրանց: Եվ Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներն, իհարկե, կարող են ենթարկվել զգալի վտանգի, ուստի ԱԳ նախարարությունը պարտավոր է այդ մասին ասել»,- նշել է Պուտինը լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

 

Նա նաև արձանագրել է, որ Անկարայի իշխանությունները իսլամիզացման քաղաքականություն են վարում Թուրքիայում:

 

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով և ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: