Ավարտվեց Օրանժ Արմենիայի հերթական «Կամավորական շաբաթը». այս անգամ Օրանժ Արմենիայի աշխատակիցներն իրենց ժամանակն ու ջանքերը տրամադրեցին սահմանամերձ Զանգակատուն գյուղի բնակիչներին աջակցելու համար: Նոյեմբերի 3-ին մեկնարկած այս աշխատանքները համալրում են Orange Հիմնադրամի ֆինանսավորմամբ համայնքում իրականացվող «Մեկ գյուղ» զարգացման լայնածավալ ծրագիրը:
Ամսվա սկզբից Զանգակատուն գյուղի դպրոցի սաների, նրանց ծնողների և ուսուցիչների համար Օրանժ Արմենիայի աշխատակիցներն արդեն անցկացրել են տասը դասընթաց՝ կիսվելով համակարգչային հմտությունների և համացանցից ապահով կերպով օգտվելու գիտելիքներով: Հատուկ դաս է կազմակերպվել նաև ուսուցչական կազմի համար՝ նվիրված արտակարգ իրավիճակների և բնական աղետների ժամանակ անվտանգության կանոններին: Ընդհանուր թվով այս դասընթացներին մասնակցեցին 58 երեխաներ և 47 մեծահասակներ: Կամավորները մասնակցել են նաև «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում գյուղում ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվին կից խնձորի չրերի արտադրամասի վերանորոգման աշխատանքներին:
«Մեզ համար չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել մեր աշխատակիցների համար իրենց անձնական ներդրումն ունենալ իրականացվող՝ հասարակական նշանակություն ունեցող ծրագրերին: Հպարտանում ենք մեր աշխատակիցներով, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու էներգիան տրամադրել այս ծրագրերին կիսվել սեփական փորձով ու գիտելիքներով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Ընկերության գործունեության ընթացքում Օրանժ Արմենիայի աշխատակիցների կամավորական ծրագրերն բազմաթիվ են եղել, դրանց թվում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար ընթերցանության, ծառատունկերի, ամեն տարի Երևանի և մարզերի տարբեր դպրոցների սաների ու նրանց ծնողների համար ապահով համացանցի դասընթացների անցկացման և շատ այլ ծրագրեր: