2015թ. դեկտեմբերի 7-9-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ԵՎՐՈՍԱԻ-ԱՐԱԲՈՍԱԻ 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնելու է Կատարի Հանրապետություն:
72 երկիր միավորող եվրոպական և արաբական բարձրագույն վերահսկիչ մարմինների գագաթնաժողովի ընթացքում գլխավոր վերահսկիչները Դոհայում քննարկելու են կառավարության հակաճգնաժամային ծրագրերի վերահսկողությանն առնչվող հարցեր:
Գագաթնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո' դեկտեմբերի 10-13-ը, ՀՀ ՎՊ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով լինելու է Արաբական Միացյալ Էմիրություններում:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը և ԱՄԷ պետական աուդիտի մարմնի ղեկավար դոկտոր Հարիբ Ալ Ամիմին քննարկելու են երկկողմ համագործակցությանն ուղղված համատեղ ծրագրեր:
Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադառնալու են նաև բազմակողմանի համագործակցությանը: Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական աուդիտի մարմինը հաջորդ տարվանից երեք տարի ժամկետով ստանձնելու է Բարձրագույն Վերահսկիչ Մարմինների Համաշխարհային կազմակերպության (ԻՆՏՈՍԱԻ) նախագահությունը:
Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 14-ից 21-ը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը գտնվելու է կարճատև արձակուրդում' 2015թ. ամենամյա արձակուրդի չօգտագործած օրերի հաշվին: Վերահսկիչ պալատի նախագահն արձակուրդն անցկացնելու է Հայաստանի Հանրապետությունում: