Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
Ինչպես Անկարայից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։
Այցի շրջանակում ակնկալվում է Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։
Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, որտեղ երկրաշարժի հաջորդ իսկ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում մոտ երեք տասնյակ հայ փրկարարներ։
Փետրվարի 6-ի 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի քան 100 ուժեղ հետցնցումների հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը։ Հայաստանը փետրվարի 11-ին և 14-ին ցամաքային սահմանով հումանիտար բեռ է ուղարկել Թուրքիա: