Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Գյունեշլի» նավթահորում 4 օր առաջ սկսված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել: Հրդեհի պատճառով անհետ կորած մարդկանց որոնումները ևս արդյունք չեն տվել. մինչ այժմ հայտնաբերվել են միայն 6 նավթագործի մարմինները:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ այսօրվանից նավերով որոնումներին միացել են նաև ուղղաթիռներ:

 

Նշվում է, որ ամբողջ գիշեր հանքահորում շարունակվել է հրդեհի մարման աշխատանքները, սակայն այն մարել չի հաջողվում, ավելին' հրդեհը թափանցել է հանքահորի բոլոր հորատանցքերը:

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերության ' SOCAR-ի «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 նավթային հարթակում հրդեհը ծագել էր դեկտեմբերի 4-ին մոտ ժամը 17:40-ին՝ գազի արտահոսքի պատճառով: Միջադեպի ժամանակ պաշտոնական տվյալներով հարթակում 63 նավթագործներ են եղել, ոչ պաշտոնական տվյալներով' 84 մարդ:

 

Հրդեհի արդյունքում 2 մարդ զոհվել 29 մարդ էլ անհետ կորել է, որոնցից մինչ այժմ հայտնաբերվել են միայն 6-ի մարմինները:

 

Վթարից հետո առաջին հայտարարության մեջ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը վստահեցրել էր, որ ոչ ոք չի զոհվել և հարթակի վրա եղած բոլոր մարդիկ փրկվել են:

 

Մասնագետների կարծիքով' ադրբեջանական նավթային հարթակներում հրդեհներն ու վթարները տեղի են ունենում մարդկային գործոնի' ղեկավարության մեղքով: Նրանք բազմիցս նշել են, որ այդ վթարները ղեկավարության կողմից լրացուցիչ եկամուտ ստանալու, կապիտալ վերանորոգումները հետաձգելու հետևանք են: