Համապետական որևէ ընտրության հաջորդում են խոսակցությունները կադրային փոփոխությունների մասին:
Կայքերից մեկն այսօր գրել էր, թե մոտ ապագայում իր պաշտոնին հրաժեշտ է տալու չորս նախարար: Տրամաբանությունն այն է, որ կառավարությունում նախարարական պորտֆելներ են ստանալու սահմանադրական «Այո»-ն ակտիվորեն քարոզած ՀՅԴ ու ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները:
Կարծում եմ՝ նման խոսակցությունները, կառավարության հրաժարականի կամ կաբինետում արմատական փոփոխությունների մասին պնդումները, առավել ևս՝ ենթադրությունները, որ մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները կոալիցիոն կառավարություն կձևավորվի՝ զուրկ են տրամաբանությունից, քաղաքագիտական հենքից:
Գործող խորհրդարանի քաղաքական խճանկարն անիմաստ է դարձնում կոալիցիայի ձևավորումը, մանավանդ երբ կառավարության բերած անգամ անողնաշար բյուջեն ստանում է աննախադեպ աջակցություն՝ 97 կողմ ձայն: Այս պահին կոալիցիոն կրտսեր գործընկերոջ կարգավիճակը ձեռնտու չէ նաև ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնք, խորհրդարանական ընտրությունների շեմին, ՀՀԿ-ից ձերբազատվելու անհրաժեշտություն և ընդդիմադիր քվեների տիրանալու կարիք ունեն:
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը՝ անկախ գործունեության որակից, կպաշտոնավարի մինչև 2017-ի խորհրդարանական, իսկ գուցե նաև՝ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները:
2018-ից հետո վարչապետի պաշտոնը՝ երկրի ղեկավարի կարգավիճակով, ըստ ամենայնի, կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: Հենց նա էլ կորոշի կառավարության կազմն ու բովանդակությունը, քաղաքական պատկանելիությունը:
Սուրեն Սուրենյանց