ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից մեղադրեց ընդդիմադիր ուժերին՝ հանրաքվեի ժամանակ տեղամասերում իրենց տեղերը հանրապետականներին «բիրիքով»,«դափոններով» ծախելու մեջ՝ նշելով, որ «այսօր ամենից բարձր գոռացող քաղաքական ուժերը աճուրդի էին հանել հանձնաժողովում իրենց տեղերը»:



Սա միգուցե այն հազվագյուտ դեպքերից է, երբ դժվարանում եմ չհամաձայնվել Նաիրա Զոհրաբյանի հետ, մանավանդ որ, այս անգամ ԲՀԿ նախագահը խոստովանեց, որ, այո, խախտումներ, կեղծիքներ եղել են:

 

 

Այն, որ կեղծիքներ եղել են, դրա համար որևէ մեկի վկայությունն էլ պետք չէ, դա պարզից էլ պարզ է: Պարզապես ընդդիմադիրները մինչ օրս դեռ շարունակում են այդ հարցում մեղադրել միայն իշխանություններին՝ համառորեն չընդունելով մեղքի իրենց մասնաբաժինը:

 

 

Չէ՞ որ եղել են նաև հանձնաժողովներում ՀՀԿ-ականներին տեղերը ծախելու դեպքեր, նաև բազմաթիվ հանձնաժողովներում ընդդիմությունն ընդհանրապես ներկայացուցիչ չի ունեցել, այսինքն՝ կամ վստահություն չի ունեցել համապատասխան քանակությամբ մարդիկ հավաքելու համար, կամ էլ այդ ուղղությամբ աշխատանքներ չի տարել: Եվ քանի դեռ ընդդիմադիրները աղաղակում են կեղծիքների մասին՝ առանց իրենց բաժին մեղքը ընդունելու, առանց իրենց սխալները հետագայում ուղղելու և չկրկնելու պատրաստակամությամբ, հաջորդ ընտրություններին նույնպես ունենալու ենք նույն պատկերը:

 

 

Կարեն Վարդանյան