Ադրեբաջանական կողմը ժամեր առաջ կրակահերթ էր բացել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով' մեկ վիրավոր կա: Գյուղերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով՝ շուրջ 300-500 մետր հեռավորության վրա և մշտապես հակառակորդի նշանառության տակ են լինում:
Մեր աղբյուրների հավաստմամբ' Չինարիում գազատարն էր պայթեցվել, մարդիկ ահուսարսափի մեջ էին գտնվում: Քիչ առաջ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Չինարիի գյուղապետը հեռախոսազրույցում ասել է, որ կրակոցները արդեն դադարել են, խաղաղություն է, և գազատարը փակել են, որպեսզի հրդեհ չլինի: Վիրավորված պայմանագրային զինծառայողին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն են ցույց տվել:
Mynews.am-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրել է, որ ըստ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղաբնակների' կրակոցները սկսել են երեկոյան 18:00-ից և շարունակվել մինչև 23:00: «Ոնց որ հանրապետության հրապարակի սալյուտներից լինի, ամբողջ երկինքը կարմիր ա, գյուղի լույսերը անջատել են, որ տների ուղղությամբ չկրակեն»-ասել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 20-ամյա Անի Իսրայելյանը: Վերջինս նշել է նաև վիրավոր զիիվորի մասին. «Ասում են մի զինծառայողի ոտքից վիրավորել են»:
Չինարի գյուղից 27-ամյա Սիրուշ Միրզոյանը պատմել է, որ Չինարիում 23:00-ից կրկին սկսվել են ուժգին կրակոցներ: «5-ամյա աղջկաս քնացրել եմ, հիմա ընտանիքի անդամների հետ նստած ենք տանը, լույսերն անջատել են, տեսնենք ինչ կլինի»,-ասել է Ա. Միրզոյանը:
Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով վնասվել էր գյուղի գազատար խողովակը: Սակայն կարճ ժամանակահատվածում իրականացված միջոցառումներից հետո գյուղում վերականգնվել է գազամատակարարումը:
Ըստ կայքի' ադրբեջանական կողմի գնդակներից մեկը նաև գյուղաբնակներից Կարո Միրզոյանի ավտոմեքենայի ուղղությամբ է արձակվել. Միրզոյանը կարողացել է դուրս գալ մեքենայից ու փրկվել: Վերջին մեկ շաբաթում ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծել է սահմանամերձ գյուղերը, որի հետևանքով փետրվարի 10-ին Մովսես գյուղում զոհվել է 37-ամյա պայմանագրային զինծառայող Մհեր Եղշատյանը: Եղշատյանը երկու երեխաների հայր էր:
Քիչ առաջ Times.am-ը գրել է, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհհանիսյանն ասել է, որ կրակ է բացվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը (ծնված 1991թ., շարքային):