Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները նիստի ընթացքում քննարկելու են Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերը:

 

Ռուսաստանի Դաշնությունում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ կմասնակցի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Նիստին ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

Առաջիկա նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներ մտքեր կփոխանակեն աշխարհում տիրող իրավիճակի մասին, կքննարկեն միջազգային անվտանգությանն առնչվող և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ հնարավոր քայլերի մասին հարցեր: Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարները կընդունեն հայտարարություն միջազգային ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ:

 

2015-2016 թվականների ընթացքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում համանախագահողը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: