Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել, այդ մասին տեղեկացնում է Georgia Online-ը։ Այդ մասին հայտարարվել է այսօր կառավարության շենքում կազմակերպված արտակարգ ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության ողջ կազմն ավտոմատ դադարեցնում է իր լիազորությունները և նրա անդամները դառնում են պաշտոնակատարներ։
Վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է խորհրդակցություն անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ և 7 օրից ոչ ուշ ժամկետում նշի վարչապետի պաշտոնում թեկնածուի անունը։
Այնուհետև 7 օրվա ընթացքում՝ վարչապետը, պետք է ընտրի նախարարի թեկնածուների և կազմի կառավարական ծրագիր։ Դրանից հետո կսկսվի կառավարության նոր կազմի վստահություն հայտնելու ընթացակարգը։
Լուրեր են պտտվում, որ Վրաստանի վարչապետի թեկնածու կհայտարարվի գործող արտգործնախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։