Թուրք-ռուսական լարված հարաբերությունները շարունակում են տարատեսակ դրսևորումներ ունենալ: Քաղաքական և տնտեսական հակամարտությանը զուգահեռ պայքարը տեղափոխվել է կիբեր հարձակումերի դաշտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլ լիեթ» պարբերականը, թուրք հաքերները հարձակումներ են իրականացրել ռուսական կայքերի վրա:
Թուրքական «Ayyıldız» խումբը հայտնել է, որ իրականացրած կիբեր հարձակման արդյունքում ձեռք է բերել 19 հազար ռուսաստանցու անձնական տվյալներ: Նրանք տեղեկացրել են, որ հարձակման թիրախներից մեկն էլ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարության կայքն է եղել, որի հասանելիությունը միառժամանակ դադարեցվել է: Հաքերները տեղեկացրել են նաև, որ հարձակումներն առաջիկայում շարունակվելու են:
Ավելի վաղ Anonymous խմբից հաքերները հայտարարել են Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ: YouTube-ում զետեղված տեսաուղերձում հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ և հոսպիտալացնելով նրա զինյալներին»:
«Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել ԻՊ-ին»,- ասված է ուղերձում: Այս հայտարարությունից հետո Ananymous-ը լայնամասշտաբ հարձակումներ է սկսել թուրքական կայքերի ու համակարգիչների վրա: Թիրախում մեծամասամբ բանկերն են: Նշվում է, որ հաքերները DDos հարձակում են իրականացնում միանգամից Թուրքիայում գտնվող 50 հազար համակարգչից, որոնց տերերը, սակայն, անտեղյակ են դրանից:
Թուրքիայում հավատացած են, որ Anonymous-ի այս գործողությունների հետևում կանգնած են ռուսական իշխանությունները: