Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են գույքագրվել մայրաքաղաքի կենտրոնական փողոցների մայթերում գործող, հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող տարաբնույթ սարքավորումներն ու սառնարանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ամեն տարի Կենտրոն վարչական շրջանում պետք է ազատվի առնվազն 2 փողոց: Հանձնարարվել է նմանատիպ աշխատանքներ տանել նաև մյուս վարչական շրջաններում:
Անդրադառնալով տարեսկզբին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն գնահատել է անբավարար:
«Խիստ դժգոհ եմ հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպումից: Հատկապես հունվարի 1-ին խիստ անբավարար է եղել ձեր՝ ոլորտի պատասխանատուներիդ աշխատանքը: Դուք պարտավոր էիք ապահովել մեր համաքաղաքացիների հասարակական տրանսպորտով տեղաշարժը, առանց սպասելու, որ ես զանգեմ ձեզ այդ հարցով: Նման աշխատաոճն անընդունելի է, հետևություն արեք այդ ամենից: Այդ թվում նաև «Ավտոբուս» և «Երևանտրանս» ՓԲԸ-ների տնօրեններին է վերաբերում հորդորս»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ 10 օրերի ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 1 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 1 օբյեկտ:
Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված զեկուցվել է, որ 10 օրերի ընթացքում գրանցված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 33 վարչական արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ավելի խստացնել վերահսկողությունն այս ուղղություններով:
Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունը մինչև հունվարի 13-ը:
Վարչական շրջանների ջրամատակարարման և հեղեղատար համակարգերի մասով զեկուցվել է, որ անցած 10 օրերի ընթացքում համակարգի աշխատանքները եղել են մշտական հսկողության տակ, և առաջացած խդիրներին տրվել են համապատասխան լուծումներ: Նշված ժամանակահատվածում մաքրվել է 547 հեղեղատար ցանց:
Անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանում դեկտեմբերի 31-ին ջրատարի խոշոր վթարով պայմանավորված ջրամատակարարման դադարեցմանը՝ քաղաքապետը պատասխանատու կառույցին հանձնարարել է նմանատիպ դեպքերում հանրությանը լիարժեք իրազեկել կատարվող աշխատանքների մասին:
Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից ֆինանսական խնդիրներ են գրանցվել 25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները տարին փակել են առանց պարտքերի: Քաղաքապետը հանձնարարել է վերանայել համապատասխան կառույցների տնօրենների և անձնակազմի գործունեության գնահատման չափորոշիչները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու մարմիններին հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև հավուր պատշաճի նախապատրաստվել Հայոց բանակի օրվան և Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն