Ադրբեջանում բոլոր ապրանքների 50 տոկոսից ավելի թանկացումների դեմ երկրի ամբողջ տարածքում սոցիալական պահանջներով երեկ սկսված բողոքի ակցիաները շարունակվում են: Դրանք վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց արդյունքում կան մեծ թվով ձերբակալվածներ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, մասնավորապես, Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել և ձերբակալություններ սկսել: Չնայած դրան, այսօր առավոտվանից գործադիր իշխանության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ շարունակում են ակցիան և պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել: Քաղաք ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել:

 

 

«Թուրանը» հայտնում է, որ բողոքները կանխելու ուժային միջոցները նաև շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում և Աղջաբեդիում:

 

 

Ուշագրավ է, որ Լենքորանի շրջանի Լիման քաղաքում հունվարի 12-ին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ոստիկանությունը ձերբակալել է տեղացի երկու ընդդիմադիր ակտիվիստի՝ Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Նազիմ Հասանլիին և «Մուսավաթ» կուսակցության անդամ Իման Ալիևին: Նրանց մեղադրում են այն բանում, թե հենց նրանք են մամուլին տեղեկություններ հաղորդել բողոքի ակցիայի մասին:

 

 

Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները:

 

 

Ադրբեջանում հատկապես սննդի թանկացումների դեմ սկսված բողոքի ակցիաներում մարդիկ սպառնում են անգամ ինքնասպանություն գործել:

 

 

Աղջաբեդիում թանկացումների դեմ երեկ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ 20-25 տարեկան երեք բնակիչներ բարձրացել են 5 հարկանի շենքի տանիք և ի բողոք թանկացումների փորձել ինքնասպանության դիմել' նետվելով այնտեղից: Իրավապահներին և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին հազիվ է հաջողվել երիտասարդներին համոզել հետ կանգնել ինքնասպանության դիմելու փորձից:

 

 

Ադրբեջանում բոլոր տեսակի' այդ թվում պարենային ապրանքների կտրուկ թանկացումները սկսվել են ազգային արժույթի' մանաթի երկու անգամ արժեզրկվելու հետևանքով, ինչը պայմանավորված է նավթի գների նվազման պատճառով այդ երկրում սկսված տնտեսական ճգնաժամով:

 

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

 

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայումս այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 18 դոլարով ցածր է: Ադրբեջանի ազգային արժույթը՝ մանաթը վերջին մեկ տարում արդեն երկու անգամ արժեզրկվել է: Ներկայում Բաքվի «սև շուկայում» ամերիկյան մեկ դոլարը գնվում է 2 մանաթով: