Բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում' պարենային մթերքի թանկացումների դեմ Ադրբեջանի ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներն ընթանում են անվտանգության ուժերի հետ բախումներով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել խաղաղ մասնակիցների դեմ: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել: ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել քաղաք: Բախումներում 5 ոստիկան և 3 քաղաքացի վիրավորվել են: Փաստը հաստատել է Սիյազանի շրջանի ոստիկանության վարչությունը:

 

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 55 մասնակցի: Ձերբակալվածները 18-45 տարեկան տղամարդիկ են:

 

«Թուրան»-ը հայտնում է, որ բողոքները կանխելու ուժային միջոցները շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում, Աղջաբեդիում և այլ վայրերում:

 

Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները:

 

Ադրբեջանում բոլոր տեսակի' այդ թվում պարենային ապրանքների կտրուկ թանկացումներն սկսվել են ազգային արժույթի՝ մանաթի երկու անգամ արժեզրկվելու հետևանքով, ինչը կապված է նավթի գների նվազման պատճառով այդ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի հետ: